Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակցի երկարակյաց տատիկներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը

01.10.2022


Տարեցների միջազգային օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է մարզի ամենաերկարակյաց կանանց։
Ասանեթ Շահումյանը 102 տարեկան է, 4 երեխա, 6 թոռ ու 2 ծոռ ունի։ Դարից ավել ապրած կյանքում, ինչքան իրեն հիշում է աշխատել է, ասում է 50 տարուց ավել աշխատանքային ստաժ ունի։ Տեքստիլի մանարանում օրական 12 ժամով է աշխատել, բազմաթիվ շքանշաններ ու պատվոգրեր է ստացել։ Մարզպետի հետ զրույցում վստահեցնում է՝ երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն ու լավատեսությունն է եղել։ Հիմա էլ չի դժգոհում ոչինչից, իսկ ուշադրությունից ու առանձնահատուկ վերաբերմունքից փոքր ինչ հուզված ասում է․ «Մեծին գնահատողը մեծ կդառնա ու ապրեք, որ մեզ չեք մոռացել այսքան հոգսերի ու աշխատանքի մեջ»։
Մարզպետը շնորհավորում է տատիկին ու նշում, որ առանձնահատուկ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ է այցելել Ասանեթ տատին․ «Ուրախ եմ, որ ձեզ հանդիպում եմ, մենք գնահատում ենք ձեր վաստակն ու անցած ճանապարհը, չնայած բարդ տարիներին, դժվար աշխատանքին` այնքան լավատես եք մնացել»։
Մարգարիտ տատի 100 ամյակը նշել են ապրիլին, ասում է՝ այնքան հոգատար են իմ հանդեպ թոռներս ու զավակներս, որ երկարակյաց եմ։ Մասնագիտությամբ դերձակ Մարգարիտ Զաքեյանը երկու որդի, 6 թոռ ու 8 ծոռ ունի։ Մարզպետի հետ զրույցում հավատացնում է, որ հիմա իր համար կարևորը երկրի խաղաղությունն է, մնացած հոգսերն ու հարցերը վստահ է՝ կլուծվեն։
«Դուք այնքան ջերմությամբ եք խոսում, այնքան հավատով՝ ես վստահ եմ մեր երկիրը այս մարտահրավերները կհաղթահարի, իսկ ձեր՝ տարիներով իմաստացած կյանքով, մեզ համար հայ ընտանիքի, տաքուկ օջախի խոսուն վկան եք, ձեզ առողջություն եմ մաղթում»,-նշել է մարզպետը։
Վարդ տատը 101-ը բոլորել է երեք ամիս առաջ, ինքն՝ Հայրենական պատերազմի, 75 ամյա որդին Արցախյան պատերազմների մասնակից են, թոռներն էլ պայմանագրային զինծառայողներ են, այս տանը հայրենիքի համար կռվելը միայն պարտք չի եղել, այլ՝ մեծ պատասխանատվություն։ Մարզպետի հետ զրույցում Վարդ տատը չնայած տեսողությունից դժգոհում է, բայց ապրած ու անցած ճանապարհի մասին սիրով է խոսում՝ ապրել է սիրելով հայրենիքը, ընտանիքն ու կյանքը։
«Օրվա խորհրդով մենք փորձեցինք փոքր ուշադրություն դարձնել մեր տարեցներին, մեկ դարը բոլորած մեր տատիկներին այցելեցինք և ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր մեծերի հետ այս օրը կիսելու։ Հանդիպումները շատ ջերմ էին, ամեն մի տարեցի աչքում մի մեծ կյանքի պատմություն կար և նրանց ամեն մի խոսքը իմաստուն է։ Կարծում եմ՝ մենք մեր մեծերից շատ բան ունենք սովորելու, նրանց առողջություն եմ մաղթում և երկարակեցություն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Նազելի Բաղդասարյանը։
Մարզպետի որոշմամբ մարզում բնակվող 100 տարին լրացած բոլոր տատիկներին դրամական աջակցություն է տրամադրվել։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46