Նորություններ
Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021-ին
13.10.2022
Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ Երեք տասնյակից ավել տարիներ չնորոգված շուրջ 5,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման նպատակին կառավարությունը պետական բյուջեից սկզբում 522 մլն դրամ էր նախատեսել, հետո աշխատանքների ավել ծավալով պայմանավորված՝ շուրջ 550 մլն դրամ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է շինաշխատանքների ընթացքին, զրուցել շինարարի հետ։ «Մերձմոսկովյան» ԲԲԸ ներկայացուցիչը վստահեցրել է՝ աշխատանքներն իրականացվում են ամենայն պատասխանատվությամբ և գտնվում են ավարտական փուլում։
«30 տարուց ավելի այս ճանապարհի հարցը չարչրկված էր։ Խիստ սրտացավորեն էի վերաբերվում այս խնդրին և հաջողվեց նախորդ տարվա ընթացքում համաձայնություն ձեռք բերել կառավարության հետ։ Ավարտին մենք կունենանք կենսական նշանակության մեկ ճանապարհ, որը ոչ միայն Արևիկն, Այգաբացը և Վարդաքարն է կապում իրար, այլև Արթիկի շուրջ 20 բնակավայրեր հնարավորություն կունենան այս ճանապարհով երթևեկելու, այն կծառայի նաև որպես շրջանցիկ ճանապարհ, ինչի արդյունքում Գյումրի-Երևան մայրուղին կբեռնաթափվի։ Նպատակ ունենք, որ մարզում հատկապես այն ճանապարհները, որոնք խիստ կարևորություն ունեն, ուշադրության կենտրոնում պահել։ Ճանապարհային դեպարտամենտի հետ քննարկել ենք մեկ այլ կենսական նշանակություն ունեցող հատված՝ Փանիկի ճանապարհը, լիահույս ենք, որ հաջորդ տարի կկարողանանք այս հատվածը նույնպես ծրագիր մտցնել։ Բավրայի հատվածում էլ կարծում եմ, որ շուտով կունենանք մրցույթի հաղթող և աշխատանքները կմեկնարկեն»,-նշել է մարզպետը։
2022 թվականին Ախուրյանի 9 բնակավայրերում կառավարության ու համայնքի համատեղ ջանքերով կիրականացվի 959 մլն 838 հազար դրամի 6 սուբվենցիոն ծրագիր՝ ընթացքի մեջ են Հովիտ, Բասեն և Երազգավորս, Բենիամին բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման, Ախուրիկ, Կառնուտ, Բայանդուր բնակավայրերի մանկապարտեզների կառուցման աշխատանքները։
Մարզպետը եղել է նաև Արևիկի 2021-ի սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհահատվածում։ Արևիկ բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ հատվածի և թիվ 8 փողոցի մոտ 0.2 կմ հատվածի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են։ 241 մլն 888 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 40 տոկոսը կառավարության համամասնությունն է։
Մարզային իշխանությունները եղել են նաև Արևիկի և Այգաբացի դպրոցներում, շրջել, ծանոթացել դպրոցների վիճակին։
Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով այս տարի մասնակի նորոգման կենթարկվի Արևիկի դպրոցը։ Այդ նպատակին նախատեսվել է 16 մլն 675 հազար դրամ։
«Այս տարի պետության կողմից անհետաձգելի ծրագրերի մեկ ամբողջական ցանկ ունենք, որտեղ ամենամեծ թիվը բոլոր մարզերի մեջ կազմում է Շիրակի մարզը, մեծ թվով դպրոցներ են ըդգրկվել և հիմնականում գյուղական բնակավայրերից։ Այսօր այդ դպրոցներից մեկն այցելել ենք, դա Արևիկի դպրոցն է, որը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց անհետաձգելի համարվողը սանհանգույցի խնդիրն էր, որն այս ծրագրով հնարավորություն կունենանք լուծելու և մեկ առանձին դասարան կկառուցվի, որն անհրաժեշտ է այդ մասնաշենքում ունենալ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Նազելի Բաղդասարյանը։
Անհետաձգելի ծրագրերի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի մեկով, շինարարական աշխատանքների մրցույթներն արդեն անցկացվել են, պայմանագրերը կնքվել են, մինչև տարեվերջ նախատեսված բոլոր դպրոցներում աշխատանքներն ավարտին կհասցվեն։