Նորություններ
Տեղի է ունեցել Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2022 թվականի հերթական նիստը
25.10.2022
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2022 թվականի հերթական նիստը, որի ժամանակ Շիրակի մարզպետը հյուրընկալել է նաև «Civil Society - Youth Work: the added value» խորագիրը կրող միջազգային ուսումնական այցով 16 երկրից Հայաստան ժամանած «Էրազմուս+» ծրագրի 37 մասնակցի։
Ողջունելով երիտասարդական խորհրդի անդամներին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ կարևոր է համարում ապակենտրոնացված համագործակցությունն ու համատեղ ծրագրերի քննարկումը․ «Իրականում խիստ կարևորում եմ այս հանդիպումը, շատ կարևոր է, որ մարզային մակարդակում կկարողանանք ծանոթանալ այն գործընթացներին, որոնք կապված են երիտասարդական ոլորտի հետ։ Կարևորում ենք քաղհասարակության հետ մեր գործակցությունը, սրա արդյունքն է, որ ունենք մարզպետին կից խորհուրդ։ Այն բաղկացած է ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներից։ Խորհուրդի գործունեությունը ինքնանպատակ չէ, այն օրենքով սահմանված է, երբեմն այն փոքր ծավալով է գործել, հիմա մենք փորձում ենք փոխգործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և քաղհասարակության հետ առավել ինտենսիվ դարձնել»։
Մարզպետի գնահտամամբ Շիրակը երիտասարդական հիմնահարցերի լուծման հարցում առանձնահատկություն ունի՝ լավ իմաստով, քանզի այստեղ երիտասարդական քաղաքականությանն ուղղված ուսումնասիրություններ են իրականացվել և այս առումով կարող է լավ նախադրյալ հանդիսանալ մյուս քաղաքների համար։ Ըստ Նազելի Բաղդասարյանի, մարզպետին կից երիտասարդական խորհուրդը, որը գործում է նույնպես կարևոր դերակատարություն կունենա։
Հանդիպման ժամանակ մարզպետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Անդրադարձ է կատարվել երիտասարդության հիմնահարցերի լուծմանը, մարզերի երիտասարդական ներուժի արտահոսքը կանխելուն ուղղված գործնական քայլերի ձեռնարկմանը, փորձի փախանակմանը առնչվող հարցերի։