Նորություններ
Շիրակի մարզպետի գլխավորությամբ Աշոցքի համայնքապետարանում անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն
02.11.2022
Շիրակի մարզպետի գլխավորությամբ Աշոցքի համայնքապետարանում այսօր անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2022-ի սուբվենցիաների ընթացքը, ինչպես նաև 2023-ին ներկայացված ծրագրերի նպատակայնությունն ու իրատեսականությունը, համայնքային համաֆինանսավորմանն առնչվող հարցեր։
«Որպես մարզպետ ինձ համար կարևորն այն է, որ մարզի համայնքները ներկայացնեն այնպիսի սուբվենցիոն ծրագրեր, որոնց իրականացմամբ համայնքի ու բնակավայրերի համար առաջնային համարվող խնդրի լուծում կտրվի»,- նշել է մարզպետը։
Նազելի Բաղդասարյանը հորդորել է լինել հետևողական ոչ միայն աշխատանքների որակի, այլ նաև սուբվենցիոն ծրագրերի աշխատանքների ավարտից հետո փաստաթղթային փաթեթների ամբողջականացման հարցում։
Անդրադարձ է կատարվել նոր ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, համայնքային պատասխանատուները տեղեկացվել են, որ մարզպետի անմիջական ջանքերով և փոխվարչապետի գրասենյակի աջակցությամբ 2023-ին կմեկնարկեն Աշոցք-Բավրա 11․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Քննարկվել է սեփական եկանուտների հավաքագրման ցուցանիշների հարցը, որի առնչությամբ մարզպետը կարևորել է համայնքապետարանի աշխատակազմի հետևողական աշխատանքը։
Մարզային իշխանության ներկայացուցիչները այցելել են նաև Թորոսգյուղ նոր կառուցված «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն», որը կառուցվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի համակարգողը մարզպետին ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, կենտրոնի կառուցման և կահավորման ծրագրի արժեքը 71 մլն դրամ է կազմել։
Կենտրոնը ֆերմերային տնտեսություններին կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական, անասնապահական և գյուղատնտեսական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ։
Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Աշոցքի միջնակարգ դպրոց, շրջել դպրոցում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ 316 աշակերտ ունեցող դպրոցն ունի բոլոր հարմարություննեըր։ Մարզպետը դպրոցի գրադարանին գրքեր է նվիրել։