Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվել է «Ագաթ» անկախ կյանքի առաջին ռեսուրս կենտրոնը

04.11.2022

 Գյումրիում այսօր բացվել է հաշմանդամություն ունեցող բոլոր խմբերի անձանց համար մատչելի «Ագաթ» անկախ կյանքի առաջին ռեսուրս կենտրոնը։
Ռեսուրս կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ԵՄ պատվիրակության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
Ողջունելով ներկաներին` մարզպետը կարևորել է կենտրոնի գործունեությունը և նշել, որ հասարակությունում իրավագիտակցություն է փոփոխվել և սա բերելու է այն անջրպետի կրճատմանը, որն առկա է եղել տարիներ շարունակ, այդ առումով մեծ է եղել «Ագաթի» դերակատարությունը․ «Մեր պետության նշանակակետը մարդակենտրոն է, մարդակենտրոն հասարակության մեջ մենք պետք է հոգ տանենք, որ որևէ մեկը խտրական վերաբերմունքի չարժանանա։ Սա նշանակում է, որ հավասար հնարավորություններ պետք է ընձեռվեն յուրաքանչյուրին և յուաքանչյուրիս քայլը պետք է միտված լինի դրան։ Անձամբ իմ և «Ագաթի» բարեկամությունը սկսվել է շուրջ 10 տարի առաջ, «Ագաթի» հետ միասին կարողացել ենք ընտրական գործընթացներում քաղաքական բանավեճները դարձնել մատչելի թույլ լսողություն ունեցող անձանց համար։ Համագործակցությունը շարունակվել է պատգամավոր եղած ժամանակ և, իհարկե, թևակոխել է նոր փուլ, երբ ստանձնեցի Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այժմ Շիրակի մարզպետին կից գործում է հաշմանդամություն ունեցող անձանց խորհուրդ և բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, այդ թվում «Ագաթը», ներգրավված են կազմում։ Մեկ տարի առաջ, երբ տեղի ունեցավ մեր հանդիպումը կենտրոնում, բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց թվում Շիրակի մարզպետարանի մատչելի լինելն էր և ես խոստացա, որ այդ հարցին լուծում կտրվի, այժմ պարզճակատ եմ նայում ձեզ։ Սա ընդամենը փոքրիկ քայլ է, բայց մեր մոտեցումն այն է, որ հասարակությունում առկա ցանկացած խնդիր եթե լսելի ենք դարձնում և հետևողական լինում՝ լուծում կստանա»։
Ռեսուրս կենտրոնը բացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, «Դեպի անկախ կյանք» ծրագրի բաղադրիչներից է, որի նպատակն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը։
Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է 2020թ․-ին, համավարակի ու Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում տեղի ունեցած պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում։ Կենտրոնն աջակցել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և երկարաժամկետ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին։
Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրման օրվանից՝ երկու տարվա ընթացքում ավելի քան 1250 ծառայություն է մատուցել շուրջ 500 անձի, կազմակերպել է անկախ կյանքի հմտությունների զարգացման վերաբերյալ 280 դասընթաց մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23