Նորություններ
Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղնը հանդիսավորությամբ նշել է հիմնադրման 25-ամյա հոբելյանը
10.11.2022
Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն այսօր հանդիսավորությամբ նշել է հիմնադրման 25-ամյա հոբելյանը։
Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը։ Վերջինս փոխանցել է մարզպետ Նազելի Բաղդասարյանի շնորհավորական ուղերձն ու նվերը։
Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է եղել.
«Անուրանալի է ակադեմիայի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, մասնաճյուղի հետ համագործակցող շիրակցի նշանավոր հայ արվեստագետների ներդրումը հաստատության կայացման, նոր սերնդի զարգացման, արվեստի գաղտնիքներին ծանոթացնելու բարդ ու պատասխանատու աշխատանքում։
Ակադեմիայի ուսանողներն այսօր հմտանում են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, հագուստի մոդելավորման, դիզայնի մեջ, նրանք իրենց գործի նվիրյալը դառնալուց զատ, հայկական մշակույթը պահպանելու, նոր շունչ հաղորդելու և միջազգային հարթակներում ներկայացնելու առաքելություն ունեն։
Համոզված եմ՝ անցած տասնամյակների վաստակն ու փորձը ի նպաստ կդնեք նոր ձեռքբերումներ ունենալու, նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու գործին և նոր եռանդով կշարունակեք կրթամշակութային ազգանվեր գործունեությունը։
Մաղթում եմ ձեզ նոր մտահղացումների և ծրագրերի իրականացում, հաջողություններ ձեռնարկներում, քաջառողջություն»։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Բացվել է հաստատության դասախոսների ցուցահանդեսն ու տեղի ունեցել նաև «Արտ Տարածք» պարբերականի շնորհանդեսը։