Նորություններ
Շիրակի մարզպետը մասնակցել է «Կանանց համընդհանուր ապագան՝ ժամանակակից աշխարհում» խորագրով 10-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսին
22.11.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կանանց համընդհանուր ապագան՝ ժամանակակից աշխարհում» խորագրով 10-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսին։ Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետն անդրադարձել է կոնֆերանսի կարևորությանը՝ նշելով, որ այդօրինակ նախաձեռնությունները կնպաստեն առկա հիմնախնդիրների լուծմանը․ «Ժողովրդավարության կայացման ճանապարհին կանանց դերն անուրանալի է, կանայք բնությամբ խաղաղասեր են ու դիվանագիտական գործընթացներում նրանց ջանքերը, որ ներդնում են՝ առավել դյուրին է ստացվում, կարծում եմ կանանց ներգրավումը տալիս է հավելյալ երաշխիքներ։ Կոնֆերանսը շատ կարևոր հիմնահարցեր է բարձրացնում, ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի 1325 բանաձևի իրականացման առումով վերջին տարիներին հստակ մեխանիզմներ է մշակել, լիահույս եմ, որ այստեղ արձանագրված կարևոր շեշտադրումները հնարավորություն կունենանք հստակեցնելու և համատեղ աշխատանքով, միաբանությամբ գնալու խնդիրների լուծման ճանապարհով»։ Կոնֆերանսը նվիրված է եղել ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» № 1325 բանաձևի իրականացմանը: Այս տարի որպես կոնֆերանսի հայեցակարգային հիմք ընտրվել է Օլոֆ Պալմեի հիմնադրամի գլխավորած միջազգային հանձնաժողովի կողմից հրապարակված «Մեր համատեղ ապագայի համար 2022 թ. անվտանգության համընդհանուր զեկույցը» առանցքային փաստաթուղթը։