Նորություններ
Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել Շիրակի մարզային գրադարանի իտալական գրականության բաժնի բացմանը
04.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի, դեսպանության և մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզային գրադարանի իտալական գրականության բաժնի բացմանը։
Ողջունելով ներկաներին` մարզպետը նշել է, որ կարևորում է համագործակցությունը և ուրախալի համարել, որ գործակցությունը գործնական բնույթ է կրում. «Ուրախալի է, որ մարզային գրադարանի հիմնադրման հոբելյանական տասներորդ տարում բացվում է իտալական գրականության բաժինը, իտալական գրականության այս հատվածը մեր համագործակցության և պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է, պարոն դեսպան, շատ ուրախ եմ, որ մեր նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի իրակամացմանը երկուստեք ջանք ենք ներդրել։ Դուք շատ արագ արձագանքեցիք մեր առաջարկությանը և իտալերեն լեզվի խորացված ուսուցման հարցը Գյումրիում` առաջիկայում կկարողանանք լուծել։
Ինչ վերաբերում է այսօրվան, ապա պետք է փաստեմ, որ Շիրակի մարզային գրադարանը կրթական, գիտական, քաղաքակրթական, մշակութային կենտրոն է և այս նոր նախաձեռնությունը կարևոր է մեզ համար»։
Ներկաներին ողջունել և համագործակցության նոր հեռանկարների կարևորության մասին է խոսել ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։
Բացման արարողությանը հաջորդել է ջազ համերգ`մաեստրո Վիտորիո Մեցցայի կատարմամբ։