Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.12.2022
34 տարի անց ավերիչ երկրաշարժի հիշողությունները դեռ մեզ հետ են ու շիրակցին ամեն դեկտեմբերի 7 կրկին վերապրում է տասնամյակներ առաջվա այն սարսռազդու առավոտվա ծանրությունն ու կորստի ցավը։ Մեզ համար դեկտեմբերի 7-ը դարձել է հիշողության ու ոգեկոչման ոչ միայն օրացույցային օր։ Մեզ հետ ծերացող օրը հիշատակի ու խնկարկման հետ նաև պայքարելու, առաջ քայլելու, նոր նշաձող սահմանելու ու դրան հասնելու է տանում։
Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզի զարգացմանն ու կառուցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն առավել քան տեսանելի են։
Դեռ 2018-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ աղետի գոտու պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման` բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու նպատակով։ Ընդամենն օրեր առաջ էլ ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվել են աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ոչ հիմնական շինություններից հաջորդաբար ազատման, հեռացման և քանդման, այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման հետ կապված հարաբերությունները:
Այս ամենը քայլեր են, որոնք հստակ նախանշում են ՀՀ կառավարության վերաբերմունքը առկա հիմնախնդիրների լուծման հանդեպ։ Անելիքներ կան, սակայն կամք էլ կա, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք առավել վստահությամբ գնալ առաջ։
Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև։