Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու «Մուշ-2» թաղամասում շահագործման են հանձնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցված երկու շենքերը

23.12.2022

 Գյումրու «Մուշ-2» թաղամասում այսօր հանդիսավորությամբ շահագործման են հանձնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցված երկու շենքերը։ Բնակարանամուտ են տոնել 36 ընտանիքներ:
Բնակելիների բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
Ձեռնարկը կարևորել, նորամուտ տոնող բնակիչներին շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ևս շնորհավորել է բնակիչներին և նշել, որ որպես Շիրակի մարզպետ հանձնառությունն է հայտնում՝ մարզի խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծման համար ջանք ու եռանդ չխնայելու հարցում։
«Վերջապես եկավ այն օրը, երբ 36 ընտանիք բնակարանամուտ է նշելու, որպես բնիկ գյումրեցի, մարդ, ով վերապրել է երկրաշարժը, գիտի, թե ինչ ասել է 3 տասնամյակ ապրել տնակներում՝ հասկանում և իրապես կիսում եմ ձեր երջանիկ և ուրախ օրը։ Ես վստահ եմ, որ այսօրվան դուք շատ եք սպասել, սպասել ենք նաև մենք և լիահույս ենք, որ ձեր կյանքում իրապես բան է վերափոխվելու և դուք տաք, կահավորված, ջերմ ու ի սրտե ձեզ սպասող բնակարաններում կյանքի նոր փուլ եք սկսելու։ Մեր երախտիքն ու շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս կառույցները կյանքի կոչելու գործում»։
Շենքերի 36 շահառուներն ընտրվել են մշակված չափորոշիչներով, հաշվի է առնվել երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, տնակում բնակվելը, բազմանդամությունն ու անչափահաս երեխաներ ունենալը, բնակարան են ստացել նաև 44-օրյայում զոհված այն զինծառայողների ընտանիքները, որոնք երկրաշարժից տուժված են ու դեռ տնակում են բնակվում։
Նշենք, որ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև նոր մանկապարտեզ, որը նախատեսված է 50 երեխայի համար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մենկարկել է ևս 2 բազմաբնակարան շենքի շինարարություն՝ ընդհանուր 58 բնակարանով, շենքերը բազմահարկ են լինելու և հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց բնակության և ազատ տեղաշարժի համար։ Պատասխանատուների հավաստմամբ, այս շենքերի շահառուներ կդառնան աղետից տուժած և տնակներում բնակվող բազմազավակ, ինչպես նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողների ընտանիքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23