Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շրջել է սուբվենցիոն ծրագրերով 2022-ին վերանորոգված փողոցներում
24.01.2023
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի, Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, ոլորտային պատասխանատուների հետ շրջել է սուբվենցիոն ծրագրերով 2022-ին վերանորոգված փողոցներում։
Մարզպետը տեղում ծանոթացել է իրականացված աշխատանքներին, լսել շինարարներին, ներկայացրել նկատառումները։
«Պարբերաբար սուբվենցիոն ծրագերի վերահսկողության նպատակով՝ այցելություն ենք իրականացնում, որպեսզի վերահսկենք այն աշխատանքները, որոնք իրականացվում են պետական բյուջեով և համայնքի համամասնությամբ։ Ճանապարհաշինության ծրագրերը 45/55 տոկոս համամասնությամբ են իրականացվում, այժմ դիտարկում ենք 2022-ի ծրագրերը՝ ավարտական փաստաթղթերը և փաստացի կատարված աշխատանքները, որովհետև լինում են դեպքեր, երբ փաստաթղթային առումով ամեն ինչ հստակ է, բայց տեղում արձանագրում ենք, որ ինչ-ինչ հարցեր կամ խնդիրներ կան։ Կամ ինչու չէ ազգաբնակչությունից ստանում ենք դժգոհություններ, որ աշխատանքները թերի են կամ իրականացված, ասֆալտը քայքայվել է և այս շրջայցի նպատակը նման թերացումները վերացնելն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
«Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 10 մլն դրամ, որից պետության համամասնությունը 45% է։ Շինարարական աշխատանքները իրականացվել են հինգ ընկերությունների կողմից։ 22 փողոցից 19-ը ասֆալտապատված է, 15-ը պատրաստ է շահագործման, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 202 մլն դրամ։ Մարզպետը եղել է Կ Դեմիրճյան փողոցի 5-րդ նրբանցքում, Կիրովականյան և Ռասկատլյան փողոցներում։
«Անձամբ իմ վերահսկողության շրջանակներում վճարվում է շինարարն այն դեպքում, երբ ունենք անթերի աշխատանք և ավարտական ակտը ստորագրված է բոլոր շահագրգիռ մարմինների կողմից։ Այս դեպքում 2022 թվականի ծրագրերի ավարտական ակտ չունենք և շրջայցը դրա նպատակով է։ Գյումրի քաղաքի հատկապես երկրորդական փողոցներում փողոցաշինությունը բավական լայն ծավալով է ընթանում և ի ուրախություն մեր քաղաքացիների տեղեկացնեմ, որ 2023-ի համար արդեն Շիրակի մարզպետարանը ստացել է 29 փողոցի հայտ, հիմա քննում ենք նաև այդ փաթեթների բովանդակությունը, փաստաթղթերի համապատասխանությունը, որից հետո ուղարկելու ենք կառավարության մեր գործընկերներին»,- ընդգծել է Նազելի Բաղդասարյանը։
2023 թվականի սուբվենցիոն հայտերն այժմ գտնվում են քննարկման փուլում, նախնական տվյալներով ներկայացվել է շուրջ 10 մլրդ դրամի 31 ծրագիր։
Շիրակի մարզպետը նշել է, որ ծրագրային հայտերը դիտարկելիս քննվում է նպատակայնությունն ու կարևորությունը, գումարային չափաբաժինը, ծրագրերի բաշխվածությունը, ինչը կարևոր նախադրյալ է, որպեսզի հնարավորությունների սահմաններում բնակավայրերն առավելապես ընդգրկվածություն ունենան։