Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեկամության այգու սահադաշտն ու վերնիսաժն արդեն բացված են

03.02.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը, հիմնադրամի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
«Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, որն իրապես ազդարարում է Բարեկամության այգու ծրագրի իրականացման գործնական փուլ մտնելու մասին։ Բարեկամության այգին կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամության լավագույն օրինակն է, հենց այդ բարեկամության արդյունքում այգին նոր կյանք ստացավ։ Ուրախ եմ, որ «Ձմեռը Բարեկամության այգում» տոնական շունչ է ստացել սառցադաշտի ու վերնիսաժի բացմամբ։ Հույս ունեմ, որ այգու լիարժեք վերականգնման աշխատանքները կավարտվեն շուտով և այն կդառնա հիանալի ժամանցի վայր թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար՝ նպաստելով Գյումրու արհեստների, արվեստների զարգացմանը»,- ողջունելով ներկաներին ընդգծել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղականտնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։
Վերնիսաժը, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից, կծառայի որպես մշտական ցուցահանդես-տոնավաճառ գյումրեցի վարպետների և արվեստագետների համար՝ նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։
Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Այն շուրջ 50 տոկոսով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024-ի ամռանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:16:41