Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
20.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացված ծրագրերին․ «Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ հանդիպման համար։ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես, որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը։ Դուք էլ, բնականաբար, տեղեկացված եք, որ Շիրակի մարզը Ուլյանովսկի, Գյումրին՝ Կուրսկի, Մոզդոկի, Դոմոդեվոյի, Տվերի և այլ քաղաքների հետ համագործակցության հուշագրեր ու համաձայնագրեր ունեն։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դնել։ Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը․ «Պարոն մարզպետ նախ թույլ տվեք շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, ուրախալի է, որ ոչ մարզի, ոչ էլ մարզպետարանի աշխատակազմի համար նոր մարդ չեք, արդեն անդրադարձաք մեր երկրների բարեկամությանը, մենք ևս կարևորում ենք Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապնդումը։ Ուրախ եմ Շիրակի մարզ այցելելու համար և ինքս էլ պատրաստ եմ նոր գործնական ծրագրերի իրականացման»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրա-տնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր հանդիպումներ կազմակերպելու առնչությամբ։