Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի աշխատակազմին
24.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի աշխատակազմի ներկայացուցիչներին՝ տնօրեն հայր Մարիո Կուկարոլլոյի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում մասնագիտական աշխատանքային կազմով քննարկվել են հիվանդանոցի կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախորդ տարվա դեկտեմբերից ստացիոնար ծառայությունների դադարեցման խնդրին։
Կարևորելով հիվանդանոցի գործունեության լիարժեք իրականացումը՝ մարզպետը նշել է. «Տիրամայր Նարեկ հիվանդանոցն այն կարևոր հաստատությունն է եղել անցած տասնամյակների ընթացքում, որտեղ բուժում են ստացել ոչ միայն Շիրակի հյուսիսի բնակիչները, այլ նաև Հայաստանի տարբեր մարզերից ու Ջավախքից եկած հիվանդները։ Մենք բարձր ենք գնահատում ձեր և ձեր հոգաբարձուների խորհրդի ու բարերարների աշխատանքը, պարոն Կուկարոլլո, մեր ցանկությունն է, որ համատեղ քննարկումների արդյունքում կարողանանք ուղիներ գտնել ստացիոնար ծառայության վերականգնման հարցում»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջացած հիմնախնդիրրներին վերաբերող հարցեր։ Մարիո Կուկարոլլոն բարձր է գնահատել մարզպետի վերաբերմունքն ու հիվանդանոցի լիարժեք գործունեության համար առաջարկվող աջակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել հանդիպումները շարունակելու և պետական հնարավոր աջակցության տարբերակները քննարկելու առնչությամբ։