Նորություններ
Կայացան «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
28.02.2023
Փետրվարի 27-28-ը Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացան «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները։
Մրցումներն անցկացվեցին երկու տարիքային խմբերով՝ 1-ին խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) տղամարդիկ, 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք, 2-րդ խումբ՝ 41 (1982 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ, 41 (1982 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք։
Մասնակիցները միջոցառման համայնքային փուլում լավագույնները ճանաչված տղամարդիկ և կանայք էին, ինչպես նաև մրցաշարի 2022 թվականի հանրապետական եզրափակիչ փուլին Շիրակի մարզի հավաքական թիմի կազմում հանդես եկած և մրցանակակիրներ դարձած անձիք։
Երկօրյա մրցապայքարի արդյունքների հիման վրա ձևավորվեց Շիրակի մարզի հավաքական թիմը, որը կմասնակցի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայանալիք «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։
Հանրապետական եզրափակիչ փուլում Շիրակի մարզի հավաքական թիմը կհամալրվի նաև գործող պրոֆեսիոնալ մարզիկներով։