Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ
10.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ։ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանի ուղեկցությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները շրջել են ուսումնական հաստատությունում, ծանոթացել ուսումնական գործընթացին և բուհի պայմաններին:
Մարզպետը եղել է գեղազարդային իրերի մոդելավորման ու մեխատրոնիկայի և ռոբոտատեխնիկայի լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են կատարված աշխատանքներն ու հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Մուշեղ Մուրադյանը հետաքրքրվել է ուսանողների ձեռքբերումներով ու ապագայի նախաձեռնություններով։
Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված քննարկում, որին մասնակցել են նաև բուհի դասախոսները։
«Անչափ գնահատելի է, երբ նկատում ենք, որ բուհը քայլեր է ձեռնարկում ժամանակի հետ համահունչ քայլելու, քանզի մեր բուհական համակարգի համար կարևոր հիմնահարց է ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելը։ Կարևոր է նաև մեր աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելը, ինչը հնարավորություն կտա, նրանց նախասիրություններով և կարողություններով պայմանավորած, ուղղորդել։ Ես լիահույս եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը կկարողանա առավել մեծ ձեռքբերումներ արձանագրել և մեր պետության ու մարզի համար պիտանի, մրցունակ մասնագետ կադրեր պատրաստել»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը։
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին այցելության և բուհի խնդիրներով և անելիքներով հետաքրքրվելու, համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրի առկա համակարգում ուսանում է 204, հեռակայում՝ 106 ուսանող, մագիստրատուրայի ուսանողների թիվը 40 է։ Երևանի կրթահամալիրից հետո Գյումրին կրթական ծրագրերով երկրորդն է, որ ունի և ավագ դպրոց, և միջին մասնագիտական քոլեջ, ինչպես նաև բակալավրիատ ու մագիստրատուրա։
Հանդիպման ընթացքում մարզպետը պատասխանել է նաև դասախոսներին հետաքրքրող հարցերին։