Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալն ընդունել է Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելության պատվիրակությանը
05.04.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպել է Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելության պատվիրակությանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի արդյունքներն ու իրականացված աշխատանքները։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը կարևորել է իրականացված ծրագիրն ու նշել, որ կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում այն առավել գնահատելի է համարվում․ «Շիրակի մարզի համար Արթիկում իրականացված ծրագիրը մի քանի առումով խիստ կարևոր էր, քանզի այն միտված էր ինչպես ջրհեղեղների կանխարգելմանն ու դրանց հետևանքների նվազեցմանը, այնպես էլ բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության և բնակչության գիտելիքների մակարդակի բարձրացմանը։ Մենք պատրաստ ենք համագործակցության և լիահույս ենք, որ հիմնադրամի հետ համատեղ ջանքերով Շիրակում նոր ծրագրի մեկնարկի մասին կկարողանանք խոսել տեսանելի ապագայում»։
Հարմարվողականության հիմնադրամի քարտուղարության կլիմայի գծով ավագ մասնագետ Մահամաթ Ասսոյուտտին շնորհակալություն է հայտնել մարզպետի տեղակալին անմիջական ընդունելության համար և նշել, որ կարևոր է համարում, երբ կլիմայի հարմարվողականության և կայունության խնդիրների լուծման հարցերում տեսնում է մարզային իշխանությունների շահագրգռվածությունը։
Կողմերը քննարկել են բնապահպանական խնդիրների լուծմանը, Շիրակի մարզի խոցելի համայնքներում նոր ծրագրերի իրականացման ֆինանսավորմանն առնչվող հարցեր։