Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
07.04.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մարզպետարանի պատասխանատուների հետ ընդունել է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանդիպման մեկնարկին մարզպետը շնորհավորել է հյուրերին մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով արևշատություն և ամենայն բարիք։
Կազմակերպության նախագահ Գոհար Մարկոսյանը մարզպետին է ներկայացրել անցած 25 տարիների գործունեությունն ու իրականացված ծրագրերը, մասնավորապես, անդրադառնալով «Տեղական-տարածաշրջանային դերակատարների հզորացում տարածաշրջանային խաղաղության և գյուղական աղքատության հաղթհարման Հայաստանի հյուսիսում» 2020-2023թթ․ իրականացվող եռամյա ծրագրին, որի նպատակը Սարապատ համայնքի բնակավայրերի զարգացմանը նպաստելն է տեղական բնակչության ակտիվ մասնակցության միջոցով։
«Այն բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են մեր մարզի զարգացմանը, մեր բնակավայրերի հզորացմանը՝ մեզ համար կարևոր են և դրանց իրականացման հարցում մենք մշտապես պատրաստակամ ենք համագործակցության ու մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու»,- նշել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում ձեռնարկների իրականացումը։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ ներկայացուցիչները նշել են, որ անցած երկուսուկես տասնամյակում կազմակերպության գործունեությունն ուղղված է եղել գյուղական համայնքների զարգացումն ապահովելուն, կանանց և երիտասարդների հզորացմանը, առողջապահական ծրագրերի իրականացմանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նոր ծրագրերի իրականացման դեպքում թիրախային համայնքների ու բնակավայրերի ընտրությանն ու ծրագրերի ուղղվածությանն առնչվող հարցեր։