Նորություններ
Տեղի է ունեցել Անի համայնքի նորընտիր ղեկավար Արման Սարիբեկյանի երդման հանդիսավոր արարողությունը
15.04.2023
Այսօր տեղի է ունեցել Անի համայնքի նորընտիր ղեկավար Արման Սարիբեկյանի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, մարզպետի տեղակալաներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, Անի համայնքի նորընտիր ավագանու անդամներ, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։
Արարողության մասնակիցներին ողջունել, համայնքի նորընտիր ղեկավարին ու ավագանուն էլ հաջողություններ է մաղթել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Ես, որպես Շիրակի մարզպետ, համոզված եմ, որ պարոն Սարբեկյանը՝ ստանձնելով համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնը, կպաշտպանի համայքի շահերը, ուժերի անմնացորդ նվիրումով ամեն ինչ կանի համայնքի բոլոր բնակավայրերի առաջընթացի ու զարգացման համար։ Վստահ եմ, որ պետություն-համայնք համագործակցությամբ մենք անելու ենք հնարավորը՝ Անին ավելի ուժեղ, ավելի ապահով, զարգացած և բարեկեցիկ համայնք դարձնելու համար։ Անելիքներ, իհարկե, շատ կան, անցած տասնամյակների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնց լուծման համար համայքի ղեկավարն ու ավագանին պետք է այսուհետ քրտնաջան աշխատեն, ջանք ու եռանդ չխնայեն։ Անիի բնակիչները պետք է վստահ լինեն, որ ճիշտ ընտրություն են կատարել, որ կարվի հնարավորը՝ իրենց հուզող խնդիրները լուծելու նպատակով»։
Արման Սարիբեկյանը երդվել է՝ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, շնորհակալություն հայտնել` Անի համայնքի բնակչությանը վստահության քվեների համար, և նշել, որ ամեն ինչ կանի բոլորի սպասելիքներն արդարացնելու համար։
ՏԻՄ օրենքի համաձայն՝ առաջիկայում կձևավորվի Անիի համայնքապետարանի կառուցվածքն ու աշխատակազմը։