Նորություններ
«Գյումրու միջազգային թատերական փառատոնի» մեկնարկը տրված է
25.04.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, Աժ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը թատերասեր հասարակության հետ ապրիլի 24-ի նախօրեին ներկա են գտնվել «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» մեկնարկին, որն ազդարարվել է Երևանի դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ։
Ներկայացման ավարտին տեղի է ունեցել «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» հեռուստաքննարկումների շարքը:
Գյումրու միջազգային թատերական փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:
«Գյումրու միջազգային թատերական փառատոնին» կմասնակցեն երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր՝ մայրաքաղաք Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից:
Փառատոնի շնորհիվ գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտելու հանրապետության և հրավիրյալ թատերական հանրույթների ներկայացումները, լրացնել մայրաքաղաքի թատրոնների լավագույն բեմադրություններին հաղորդակից լինելու բացը։
Ընդհանուր առմամբ, փառատոնին կմասնակցեն շուրջ 500 արտիստներ ու թատերական ոլորտի ներկայացուցիչներ, հանդիսատեսի թիվը կգերազանցի 10 հազարը: