Նորություններ
Շիրակի մարզում ընթացքի մեջ են համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները
26.04.2023
#Ակտիվ_մասնակցենք_շաբաթօրյակին
Ապրիլի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ այսօր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Աշխատանքները համակարգված ու արդյունավետ իրականացնելու նպատակով՝ քննարկվել են շաբաթօրյակի կազմակերպչական հարցերը։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուներին հանձնարարել է ամեն ինչ անել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, գործող կազմակերպությունների առավելագույն ներգրավվածության, հանրույթների մասնակցության, գործընթացը համակարգված անցկացնելու համար։
«Համապետական շաբաթօրյակին բոլորիս մասնակցությունը շատ կարևոր է, մենք օրինակ պետք է ծառայենք բոլոր քաղաքացիներին, որպեսզի շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն ցուցաբերեն։ Մենք պարտավոր ենք մաքուր պահել մեր երկիրը, մարզը, համայնքը։ Շաբաթօրյակների անցկացումը ևս մեկ գործուն քայլ է բնության պահպանության, հանրության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ առավել հոգատար դարձնելու ուղղությամբ»,-նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ ապրիլի 29-ին մարզի բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում, ընդհանուր առմամբ 300-ից ավելի վայրերում նախատեսվում են սանիտարական մաքրման աշխատանքներ։
Պետական և համայնքային մարմինների ներուժն առավել նպատակային բաշխելու նպատակով՝ հստակեցվել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանն ու տարածքների սխեմաները։
Շիրակցիների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին ցանկալի է։