Նորություններ
Շիրակում համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրված է
29.04.2023
Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին ողջ կազմով:
Համապետական մաքրության օրը Շիրակի մարզպետի աշխատակազմը մի քանի խմբեր կազմելով մաքրման աշխատանքներ է իրականացրել Գյումրի մտնող ճանապարհին հարակից հատվածում:
Շաբաթօրյակին միացել է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Շիրակի մարզպետը, կարևորելով շաբաթօրյակների կազմակերպումը, բնության պահպանությունն ու շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը, նշել է․ «Շրջակա միջավայրը մաքուր պահելու առիթը չպետք է միայն շաբաթօրյակը լինի։ Յուրաքանչյուր բնակիչ փողոցում աղբ նետելուց առաջ պետք է մտածի շրջակայքի, մեր ընդհանուր միջավայրի մաքրության մասին։ Քաղաքացիների գիտակցության մեջ պետք է ձևավորվի բնապահպանական մշակույթ։ Ի դեպ, այսօր ուզում եմ շնորհավորել բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ։ Շաբաթօրյակը համընկավ Քաղաքացու օրվա հետ։ Այս տոնը ամրագրվեց, որ ընդգծվի մեր քաղաքացիների առանցքային դերակատարությունը պետության կայացման և զարգացման գործում: Համոզված եմ, որ հաղթահարելով շատ դժվարություններ մենք կկարողանանք միասնական ուժերով շենացնել մեր երկիրը»:
Մարզում շաբաթօրյակի մասնակիցների թիվը հասել է 25 հազարի, շաբաթօրյակին միացել են բոլոր համայնքներն ու բնակավայրերը, տարբեր հաստատություններ, 300-ից ավելի կոլեկտիվներ։
Մաքրության և աղբահավաքության աշխատանքներ են իրականացվել միջպետական և համայնքային նշանակության ճանապարհահատվածներում, պատմամշակույթային և զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև հանրային տարածքներում, այգիներում, պուրակներում և գետերի հուների մերձակա տարածքներում: