Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
15.05.2023
Սիրելի՛ հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։
Այս օրը ևս մեկ պատեհ առիթ է խոսելու ընտանիքի կարևորության մասին։
Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ ձևավորվում է որպես անհատ, հետո նոր դառնում քաղաքացի, հասարակության լիիրավ անդամ։
Հայերիս համար ընտանեկան արժեքներն իրենց մեջ ամբարում են սեր, հոգատարություն, վստահություն, հարգանք միմյանց նկատմամբ, որոնք գալիս են դարերի խորքից։
Չնայած այս ամենին, այսօր մեր հասարակության մեջ դեռ կան
հայեցի դաստիարակության և հայ ընտանիքին ոչ վայել դրսևորումներ՝ այդ թվում ընտանեկան բռնության դեպքեր, ինչին ականատես են լինում նաև երեխաները։
Մենք ամեն կերպ պետք է փորձենք արմատախիլ անել այդ արատավոր երևույթները, քանի որ ամուր ընտանեկան հենքի վրա միայն կարող ենք ունենալ կայուն պետություն, քաղաքակիրթ և առողջ մտածելակերպ ունեցող հասարակություն։
Բոլորիս ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն և ներդաշնակություն։
Թող ընտանեկան հարկի տակ միմիայն սերը թևածի: