Նորություններ
Քննարկում Անտառավան 26 և Տիգրան Մեծ 5 վթարայինշենքերի հետ կապված
19.05.2023
Շիրակի մարզպետի աշխատակազմում նախօրեին տեղի է ունեցել հանդիպում աշխատակազմի պատասխանատուների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Գյումրի քաղաքի Անտառավան 26 վթարային շենքի բնակիչների բնակարանային խնդիրներին և Տիգրան Մեծ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման աշխատանքներին առնչվող հարցեր:
Պատասխանատուներն ուսումնասիրել են Անտառավան 26 վթարային շենքի բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագրի մշակման նպատակով ելակետային տվյալներ հանդիսացող նյութերը, կարծիքներ են հայտնել առկա ռիսկերի և խոչընդոտների վերաբերյալ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակել և շրջանառել նշված շենքի բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
Նշենք նաև, որ Տիգրան Մեծ 5 շենքի թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման նպատակով առկա են նախագծանախահաշվային փաստաթղթեր, ուժեղացման-վերականգնման (ամրացման) աշխատանքների ձեռքբերման նպատակով Շիրակի մարզպետի աշխատակազմը հայտարարել է բաց մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 4-ին։