Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ
24.05.2023
Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, հարկավոր է ունենալ բանիմաց, գրագետ և հայրենասեր սերունդ․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշել է, որ ուսումնական տարվա ավարտն արված աշխատանքը վերլուծելու, ձեռքբերումների մասին խոսելու, բացթողումները մատնանշելու ժամանակ է․ «Ես ուրախ եմ փաստելու, որ Շիրակը մնում է առաջատարներից կրթական ձեռքբերումների առումով, խոսքս թե մեդալակիրների մասին է՝ այս տարի 57 ոսկե մեդալի հավակնորդ ունենք, թե առարկայական օլիմպիադաներում ունեցած ձեռքբերումների։ Երեկ ընդունել եմ առարկայական օլիմպիադաներում դիպլոմներ ու մրցանակային տեղեր գրաված աշակերտներին, ասեմ` առանձնակի տպավորված եմ։ Հպարտանալու առիթ կա, երբ նման գրագետ երեխաներ ունենք։ Անդրադառնալով կրթության բնագավառում առկա հիմնախնդիրներին՝ նշեմ, որ դրանց լուծման համար կարևոր նախապայման պետք է լինի դպրոցներում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը։ Անձնական ու այլ շահերի բախումները, տարբեր չհիմնավորված հարաբերությունների պարզաբանումները պետք է բացառվեն։ Այս հարցում խիստ եմ լինելու»։
Նշվել է, որ Շիրակի մարզից օլիմպիադաների հանրապետական փուլերին 123 աշակերտներ են մասնակցել՝ արժանանալով 27 դիպլոմի և 29 գովասանագրի։ Պարտադիր ատեստավորում անցել է 1124 ուսուցիչ, կամավոր ատեստավորում՝ 137, ինչի արդյունքում վերջինների աշխատավարձը բարձրացել է։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մարզի 128 հանրակրթական դպրոցների ճաշարանների համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերման գործընթացին, տրվել են պարզաբանումներ գնման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև Վերջին դասի կազմակերպչական աշխատանքներին։
«Կոչ եմ անում բոլորիդ առավել հետևողական և ուշադիր լինել, յուրաքանչյուր մանրուք ձեր աչքից չպետք է վրիպի, հատկապես Վերջին դասից հետո կազմակերպվող միջոցառումների ժամանակ։ Շիրակի մարզպետի աշխատակազմը Շիրակի մարզային ոստիկանության, ճանապարհային ոստիկանության հետ հստակ համագործակցում է` կարգուկանոն ապահովելու, որևէ միջադեպ բացառելու նպատակով, այստեղ կարևոր է նաև ձեր աչալրջությունը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն էլ խոսել է մարզի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման, արժևորման, պահպանման և հանրահռչակման իր՝ «Հազարամյակների մշակույթի 100 վկաները» նախագծի մասին՝ նշելով, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա համակարգված աշխատանքներ իրականացնել հայտնի նյութական ժառանգության՝ պատմամշակութայի հուշարձանների հանրահռչակման ուղղությամբ և բացահայտել մեր արժեհամակարգի կարևոր բաղադրիչ կազմող ոչ նյութական արժեքները։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների աշխատանքը պետք է ուղղված լինի միմիայն կրթության որակի բարձրացմանը, քանի որ դպրոցը պետականաշինության գործում ամենակարևոր օղակներից է․ «Ձեր լիազորություններն իրականացնելիս գիտակցեք մի փաստ՝ մեր սերնդի դաստիարակության բարդ ու պատասխանատու գործը ձեր ուսերին է և դա պետք է պատվով ու պատասխանատվությամբ իրականացվի։ Ուսումնական պրոցեսը կազմակերպելիս եղեք առավել նախաձեռնողական, ցանկացած նորարարություն, նոր գաղափարի իրականացում, որը մեր կրթական համակարգի բարելավմանն է միտված` միայն կողջունենք ու կաջակցենք։ Ինչպես գիտեք ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում դպրոցաշինության գործում, մարզում ընթացքի մեջ են դպրոցական նոր շենքերի կառուցման, դպրոցներում առաջնահերթ խնդիրների լուծնանն ուղղված աշխատանքները։ Ուրեմն համատեղ աշխատանքով պետք է առաջ շարժվենք, ամեն ինչ անենք նոր նշաձողեր սահմանելու, նոր ձեռքբերումներ ունենալու համար»։