Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2023-ին Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ տվեցին 1710 աշակերտներ

26.05.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ ներկա է գտնվել Գյումրու «Ակադեմիական վարժարանի» սաների վերջին դասի միջոցառմանը։ Շիրակի մարզպետը շնորհավորել է հիշարժան օրվա առթիվ ու բարի երթ մաղթել շրջանավարտներին, որոնց շարքերում նաև հարազատ որդին էր․ «Սիրելի շրջանավարտներ, ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ Հուզմունքն այսօր շատ մեծ է։ Շատ կարևոր ընտրության առջև եք կանգնած բոլորդ, խոսքը մասնագիտության ընտրության մասին է, հարկավոր է, որ այն լինի ճիշտ ընտրված և հոգեհարազատ, քանի որ դրանից է կախված ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի ապագան, համոզված եմ կդառնաք հայրենիքի համար պիտանի քաղաքացիներ, քանի որ ամուր հայրենիք պետք է ստեղծենք բոլորս միասին մեր անձնվեր ու ամենօրյա աշխատանքով։ Ձեզ բարի երթ սիրելիներս»։
Մարզային իշխանությունները մասնակցել են նաև նաև Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի վերջին դասի տոնական միջոցառմանը, որին մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ ներկա է գտնվել նաև աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Շրջանավարտներին շնորհավորելուց և բարի երթ մաղթելուց զատ, մարզպետը երախտիքի խոսք է հղել մանակավարժներին՝ հայրենասեր ու բանիմաց սերունդ դաստիարակելու համար։
Շրջանավարտներին շնորհավորել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը․ «Աշխարհում կա մի հարստություն, որը կարելի է ձեռք բերել և երբևէ չկորցնել՝ գիտելիքն է։ Կրթության շնորհիվ կարելի է հասնել ամեն ինչի։ Արեք հնարավորինը լիարժեք գիտելիք և որակյալ կրթություն ստանալու համար ու նաև պահեք ու պահպանեք մարդկային կարևորագույն արժեքները, եղեք բարի, կյանքին տվեք բարին ու այն ձեզ կվերադառնա»։
Պատասխանատուները ներկա են գտնվել նաև Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի միջնակարգ դպրոցի վերջին դասին։ Դպրոցն այս տարի տվել է 4 շրջանավարտ։
Նշենք, որ 2023-ին Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1710 շրջանավարտ, նրանցից 825-ը մարզային ենթակայության դպրոցներից։
Մարզի դպրոցներից ոսկե մեդալ ստանալու հայտ է ներկայացրել 57 աշակերտ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20