Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
26.05.2023
Սիրելի՛ շրջանավարտներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առթիվ:
Նոր կյանքի մեկնարկն ազդարարող Վերջին դասը մանկությունից դեպի հասունություն անցումն է, որից հետո ձեզանից յուրաքանչյուրն ընտրում է իր ուղին։
Մասնագիտության ընտրությունը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր անհատի կյանքում։ Այն պետք է լինի սրտից բխող, որ կարողանաք դառնալ ձեր բնագավառի արհեստավարժը։
Ուզում եմ այն գիտակցումով թևակոխեք կյանքի նոր շրջափուլ, որ ձեզանից յուրաքանչյուրն ասելիք ու անելիք ունի․ մարդ, քաղաքացի, հասարակության լիիրավ անդամ լինելուց զատ՝ պատվով պետք է շարունակեք մեր երկրի զարգացման բարդ ու պատասխանատու առաքելությունը։ Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում պետք է լինեք մեր երկրի ապագան գիտելիքով, նորարարությամբ ու արդի գաղափարներով առավել բարեկեցիկ դարձնողը։
Մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները միտված են որակյալ կրթության հասանելիությանն ու ուսուցչի դերի բարձրացմանը։ Միշտ հիշեք՝ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար պարտական ենք մեր մանկավարժներին, շնորհակալություն եմ հայտնում նրանց՝ հայրենանվեր ու անխոնջ աշխատանքի համար:
Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և հույս հայտնում, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց երազանքները։
Բարի երթ ու նորանոր հաջողություններ ձեզ: