Նորություններ
Շիրակի մարզը մասնակցել է «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին
29.05.2023
Մայիսի 27-28-ին Շիրակի մարզը մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի երկու օրերի ընթացքում ներկայացվել է Շիրակի մարզի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները՝ գաստրոտաղավարում պատրաստվել է մարզին բնորոշ կերակրատեսակ՝ պանրխաշ, ներկայացվել է գյուղական ֆոլկլոր, իլիկ մանել, օրորոցային, խաղիկներ, խնոցի, ճախարակ, գոբելենի աշխատանքներ, քանդակագործություն, Արթիկ տուֆի նմուշներ, գորգեր, դազգահի վրա գորգ գործելու գործընթաց, բրդյա արտադրանք, մանող սարք, կենդանական և բուսական աշխարհ և թանգարանային նմուշներ։
Ցուցահանդեսի նպատակը Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը ներկայացնելն է եղել։
Ցուցահանդեսին զուգահեռ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն պանելային քննարկումներ է անցկացրել ոլորտի ներկայացուցիչների համար, որին մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն ու զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։