Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կազմակերպմանը նվիրված խորհրդակցությանը

01.06.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած հանձնաժողովի հերթական նիստին:
Քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներկայացված առաջարկությունները: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել միջոցառումների ձևաչափերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ հարցերի շուրջ:
Հանձնաժողովի նիստին ներկայացվել է նաև «Ազնավուր» հիմնադրամի հոբելյանական միջոցառումների ցանկը: Ինչպես նշել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, այն մշակվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններրի, մշակութային տարբեր կազմակերպությունների, հանրային կառույցների, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների հետ սերտ համագործակցության արդյունքում: Նշվել է, որ հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին և արվելու է հնարավորը՝ ողջ տարվա ընթացքում Ազնավուրի արվեստի շունչը զգալու համար:
Շիրակի մարզպետը նշել է, որ մարզում միջոցառումների մեկնարկը քանի որ նախատեսվում է Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից տալ` քայլեր են իրականացվում հրապարակի բարեկարգման և շրջակա տարածքների պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:
Ներկա պահին հիմնանորոգվում է հրապարակից սկիզբ առնող Խանջյան փողոցը, ինչպես նաև շինարարական բարեկարգման աշխատանքներ են ընթանում հրապարակի հարևանությամբ գտնվող Բարեկամության այգում։
Մարզի բնակչությունը և մշակութային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները իրազեկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնության՝ հոբելյանական միջոցառումների ծրագրում ընդգրկելու համար ստեղծագործական մտահղացումների և գաղափարների հավաքագրման վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և մարզերում, մասնավորապես՝ պաստառների տպագրություն, համերգներ, թատերական ներկայացում, փոստային նամականիշների մարում, գրքի տպագրություն, ֆիլմերի ցուցադրություն, ձայնագրություններ, լուսանկարների ցուցադրություն և այլն: Նշվել է նաև, որ ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու հարցում:
Արայիկ Հարությունյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ և ընդգծել Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին սահուն, հարթ և պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Այդ համատեքստում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների հետևողական, արդյունավետ, համակարգված աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12