Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալը Գյումրու սելեկցիոն կայանում մասնակցել է ջերմոցի և տնկարանի բացմանը
05.06.2023
Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեկնարկած՝ «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակներում, Գյումրու սելեկցիոն կայանի տարածքում, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամը հիմնել է ջերմոց և տնկարան, որոնց բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր։
Ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ կարևորելով նախաձեռնությունը․ «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է։ Այս ոլորտում կարևոր դերակատարներից մեկը հանրապետության ամենամեծ սերմնաբուծական գիտական կենտրոնն է՝ Գյումրու սելեկցիոն կայանը։ Կլիմայի փոփոխության ազդեցությունը նոր մարտահրավերներ է նետել մասնագետներին, որոնց դիմակայելու և հաղթահարելու համար շատ կարևոր է նորարարական մոտեցումը։ Լիահույս ենք, որ Եվրոպական միության ծրագրերի շրջանակում, Ձեր գործուն մասնակցությամբ, դիմակայելի կլինեն բոլոր մարտահրավերները։ Շիրակի մարզպետի աշխատակազմն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է սատարելու յուրաքանչյուր նախաձեռնություն, ինչն իր նպաստը կբերի մարզի զարգացմանը»։
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալը, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի, Գյումրու Սելեկցիոն կայանի ներկայացուցիչները շրջել են ջերմոցում, ծանոթացել արդեն կատարված աշխատանքներին, խոսել առաջիկա անելիքներից ու ծրագրերից։ Նշենք, որ ջերմոցի և տնկարանի շինարարական և ինժեներական աշխատանքները կատարվել են 2022-ին։