Նորություններ
Մեկնարկել են «Շիրակ» մարզադաշտի արևմտյան հատվածի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
07.06.2023
Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը։ Բացման պաշտոնական արարողությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով՝ նորոգվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Մեկնարկել են «Շիրակ» մարզադաշտի արևմտյան հատվածի անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարի հետ քննարկել առաջիկա անելիքներն ու հորդորել շինարարությունն իրականացնել առանց թերացումների և ավարտել նախատեսված ժամկետներում։
«Շիրակ» մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման (հատված կմ 0+000- կմ 0+199) աշխատանքների իրականացման համար կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր և հայտարարվել շինարարությունն իրականացնող կապալառու և որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն իրականացնող կազմակերպությունների մրցույթներ։
Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 66 մլն 417 հազար դրամ գումար, որից կապալառու կազմակերպությանը՝ 65 մլն 633 հազար դրամ կհատկացվի, որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն իրականացնողին՝ 390 հազար, հեղինակային հսկողություն՝ 393 հազար 800 դրամ:
Իրականացվելու են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր, որոնք իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։