Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գյումրու բժշկական կենտրոնի» ծննդատունը համալրվել է լապարոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումների հավաքածուով

19.06.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին և «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների վերսկսմանը։ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը բարձր է գնահատել շինաշխատանքների վերսկսման հարցում մարզպետի ջանքերն ու նշել, որ ծննդատան մասնաշենքի աշխատանքների լիարժեք ավարտի համար ներդրում կարվի նաև ՀՀ պետական բյուջեից։ Անդրադարձ է կատարվել նաև մարզի մի քանի բուժհաստատությունների վերակառուցմանն ու վերանորոգմանն առնչվող հարցերի։
Պատասխանատուներն այնուհետ այցելել են «Գյումրու բժշկական կենտրոնի» ծննդատուն։ Շենգավիթ բժշկական կենտրոնի կողմից և ամերիկահայ բարերար բժիշկ Պետրոս Քոջյանի աջակցությամբ ծննդատան մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին նվիրաբերվել է լապարոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումների հավաքածու, երկու վիրահատական լույս:
«Անչափ գնահատելի ու երախտիքի արժանի քայլ է սա մեզ համար, քանզի առողջապահությունն այն բնագավառն է, որի շարունակական զարգացումն օրվա պահանջ է, իսկ այն, որ բուժսպասարկման որակի բարձրացումը կարևորագույն պայման է՝ անժխտելի է, քանզի գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Որպես Շիրակի մարզպետ վստահեցնում եմ՝ մեր լիազորությունների շրջանակում անելու ենք ամեն ինչ թե աջակցության, թե համագործակցության ամրապնդման համար։ Ընդունեք մեր շնորհակալանքի խոսքն ու հավաստիացումը, որ մեր բարեկամությունը նոր արդյունքներ ու նոր ձեռքբերումներ է բերելու Շիրակի մարզ»,-ողջույնի խոսքում նշել է Մուշեղ Մուրադյանը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը ևս կարևորել են ձեռնարկը՝ ընդգծելով մարզերում բժշկական ծառայությունների հասանելիության կարևորությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20