Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ
28.06.2023
Այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ կարևորելով հանրակրթության բնագավառում իրականացված փոփոխություններն ու դրանց մասին պատշաճ տեղեկացվածությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և սեպտեմբերից բոլոր դպրոցներում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչին:
Ըստ այդմ, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգով՝ դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատված են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։ Վարչական կառավարման մեջ ներառվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:
Անդրադարձ է կատարվել նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին, նախարարի տեղակալն ընդգծել է, որ հավակնորդները բովանդակային ծրագրեր կազմելու ուղղությամբ դեռ անելիքներ ունեն, քանզի տնօրենի պաշտոնի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերն անցնում են մասնագիտական փորձաքննություն, որ ստանան եզրակացություն, կան ծրագրեր, որոնք դրական եզրակացություն չեն ստացել:
Ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են և կամավոր ատեստավորման մասնակցելու և անհրաժեշտ միավորներ վաստակելու դեպքում վերջիններս կարող են շարունակել մասնագիտական գործունեությունը։
Հանդիպման ավարտին պատասխանատուները պարզաբանումներ են տվել տնօրեններին հետաքրքրող հարցերին ։