Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
05.07.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Հայ ժողովուրդը, հետամուտ լինելով նախնիների պատգամին, արդեն իսկ ունենալով անկախ հայրենիք, հիմք դրեց մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, ազատությանը, իրավահավասարությանը, քաղաքացիական համերաշխության հաստատմանը՝ Մայր օրենքով երաշխավորելով դրանց իրականացումն ու զարգացումը ժամանակակից հասարակության մեջ։
Երկրի գլխավոր օրենքի նորմերի ու սկզբունքների պահպանմամբ միայն հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատիվ կյանքն ու բարեկեցությունը, հանրային, քաղաքական ու պետական կյանքի արդյունավետ կազմակերպումը։
Սահմանադրությամբ հռչակված արժեքները պետք է ամուր կերպով մուտք գործեն հասարակական կյանք և դառնան խաղաղության և ներդաշնակության ամրապնդման երաշխիք, կարևորագույն իրավական այս փաստաթուղթը մեզ համար համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու հավաստիացում է։
Շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, տոկունություն և հավատ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական մեր պետության ապագայի հանդեպ: