Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայր
10.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի, Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ավագանու անդամ Զավեն Մանուկյանի, Արես Չալոյանի հետ այսօր այցելել է Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայր, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները։ Հանդիպման ժամանակ բնակիչները մարզպետին են դիմել մտահոգող մի շարք հարցերով, որոնք, մասնավորապես, վերաբերել են Այգաբաց բնակավայրից դեպի Գյումրի տանող ճանապարհի անբարեկարգ վիճակին, բնակավայրի դպրոցի սանհանգույցների խնդրին։
«Համայնքային այցելությունները, արտագնա խորհրդակցություններն ու հանդիպումները բացի նրանից, որ ճանաչողական բնույթ ունեն նաև խնդիրներին տեղում ծանոթանալու, մեր մարզի բնակիչների հոգսերն անձամբ իրենցից լսելու նպատակ են հետապնդում։ Պաշտոնավարման առաջին իսկ օրերին հանձանարարել եմ աշխատակազմի պատասխանատուներին գույքագրել համայնքային խնդիրները, հիմա ինձ հետ համայնքներ են գալիս ոլորտային պատասխանատուները, նրանք ոչ միայն գրանցում են իրենց բնագավառներին առնչվող հարցերը, այլև համատեղ աշխատանքով փորձում ենք հետևողական լինել դրանց լուծման ուղղությամբ, պարզաբանումներ տալ, ներկայացնել այժմ իրականացվող պետական ծրագրերն ու առաջիկա անելիքները»,- նշել է Շիրակի մարզպետը։
Այգաբացի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին հոգատար վերաբերմունքի համար՝ նշելով, որ բնակավայրի նկատմամբ ուշադրության ու վերաբերմունքի կարիք իսկապես զգացվում է։
Բնակիչների հետ զրույցում Մուշեղ Մուրադյանը կարևոր պայման է համարել, նաև այն, որ համայնքային կյանքը չտուժի, արագ և օպերատիվ արձագանք ստանան առաջացած բոլոր հիմնախնդիրները։ Հավելել, որ կան հարցեր, որոնց լուծման համար հստակ պետք է համայնքային իշխանությունների տքնաջան աշխատանք ու հոգատար վերաբերմունք, արդյունքների հնարավոր կլինի հասնել համատեղ աշխատանքով: