Նորություններ
Մարզադաշտին հարակից փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին
21.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Գյումրու քաղաքային մարզադաշտ, հետևել մարզադաշտի արևմտյան հատվածի անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում։
Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր, որոնք իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Շինարարի հետ զրույցում մարզպետը նշել է, որ աշխատանքներում պետք է հաշվի առնվի յուրաքանչյուր մանրուք․ «Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս շուտ և որակով ավարտել ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները։ Շատ կարևոր է, որ Շիրակի մարզը հանդես գա ըստ արժանվույն, մարզադաշտի հարակից տարածքը լինի բարեկարգ»։
Քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման (հատված կմ 0+000- կմ 0+199) աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 66 մլն 417 հազար դրամ գումար, որից կապալառու կազմակերպությանը՝ 65 մլն 633 հազար դրամ կհատկացվի։
Մարզպետը շրջել է նաև մարզադաշտում, որտեղ ևս ընթանում են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները, նստատեղերի ավելացման համար Գյումրի է բերվել 5 հազարից ավելի աթոռ։