Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 8-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ

05.08.2023

 Սիրելի՛ հայրենակիցներ,
Համահայկական ամառային 8-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ,
Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած հարգարժա՛ն հյուրեր,
Հիրավի այսօր մեծ տոն է սպասվում Շիրակ աշխարհում, Համահայկական ամառային 8-րդ խաղերը համախմբել և հայրենի երկիր են բերել հազարավոր մեր հայրենակիցների, ովքեր եկել են մասնակցելու համահայկական միջոցառման, եկել են վայելելու հայկական միջավայրը, եկել են ուժերը փորձելու և միասնությամբ հաղթելու։
Մեզ համար մեծ պատիվ է Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Շիրակի մարզում անցկացնելը, այն նաև պարտավորեցնող է, հենց դրա համար նախապատրաստական աշխատանքներին մոտեցել ենք մեծ պատասխանատվությամբ, որպեսզի Շիրակը և Գյումրին հավուր պատշաճի ներկայանան, թե սպորտային առումով, թե միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակով։
Շիրակի մարզը միշտ էլ աչքի է ընկել հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ, վստահ եմ՝ աշխարհի ավելի քան 41 երկրների 179 քաղաքներից Գյումրի ժամանած մեր հայրենակիցներին այժմ էլ կդիմավորենք բաց սրտով ու մեծ պատրաստակամությամբ, որպեսզի միասնություն և համերաշխություն խորհրդանշող «Միասնություն սպորտով» կարգախոսը կրող համահայկական խաղերի բացման միջոցառումից հեռանան հայրենի երկրի ջերմությունն ու սերը իրենց հետ տանելով։
Վստահ եմ, որ ժամեր անց մեկնարկող խաղերը բոլորիս կպարգևեն շատ վառ ու հիշարժան պահեր, ջերմ ու հաճելի տպավորություններ, տոնական տրամադրություն։
Համահայկական ամառային 8-րդ խաղերին մաղթում եմ հաջող ընթացք, մասնակիցներին՝ նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ։
Բարի երթ և ամենայն բարիք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24