Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Չեմպիոնների քաղաք Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

06.08.2023

 «Միասնություն սպորտով» կարգախոսով չեմպիոնների քաղաք Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Բացման հանդիսավոր արարողությանը լուսաձայնային շոու ծրագրով ներկայացվել է 1999 թվականից անցկացվող Համահայկական խաղերի պատմությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև չեմպիոնների դարբնոց Գյումրուն ու գյումրեցի անվանի մարզիկներին:
Այնուհետև տեղի է ունեցել Խաղերի բացման մարզական շքերթը՝ մասնակից 41 երկրների 181 քաղաքների պատվիրակների մասնակցությամբ:
Շիրակի մարզը ներկայացնում են 451 մարզիկ-մարզուհիներ, 5 մարզաձևերից մրցումները կանցկացվեն Շիրակում։
Համահայկական ամառային 8-րդ խաղերն առաջին անգամ հյուրընկալել են նաև Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի պատվիրակներին։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառել
է Եվրոպայի վեցակի, Աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման մարզական շքերթը դիտելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
ՀՀ Վարչապետը ողջունել ու շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ընդգծելով, որ այս տոնը ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, քանի որ ի ցույց է դնում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ հաղթահարելու, ապրելու, զարգանալու և առաջ գնալու կամքը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ՝ Խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Խաղերի կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի բարձրագույն՝ պատվո նշան շքանշանով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20