Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարից Շիրակի թիմը վերադարձել է 3 մեդալով

19.08.2023

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում, արդեն երկրորդ անգամ անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում լողուղի դուրս եկավ ավելի քան 140 մարդ, նրանցից 12-ը Շիրակի մարզի մասնակիցներն էին։
Կանանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) 1000 մետր մրցատարածության վերջնագիծը երկրորդը հատեց գյումրեցի Անի Ավետիսյանը։ Մեր մարզուհին պարգևատրվեց արծաթե մեդալով և արժանացավ 500 հազար դրամ մրցանակի:
41-ից բարձր տղամարդկանց պայքարում 1500 մետր լողատարածությունն անցնելու երկրորդ արդյունքը ցույց տվեց գյումրեցի Արմեն Հանեսօղլյանը։ Նա պարգևատրվեց արծաթե մեդալով և 500 հազար դրամով։
Տղամարդկանց 18-40 տարեկանների մրցապայքարում էլ գյումրեցիներին բաժին հասավ երրորդ տեղը` Կարեն Երանոսյանը եզրափակեց լավագույն եռյակը։
Մրցաշարի մասնակիցներին ողջունեց ու մրցանակներ հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս մրցաշարերում, լողի մրցաշարի հետ համեմատ, մեր մրցանակակիրների աշխարհագրությունն ավելի լայն է լինում. սա խոսում է Հանրապետությունում համապատասխան ենթակառուցվածքների, լողավազանների բացակայության մասին: Մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսել, այն է՝ բոլոր խոշորացված համայնքներում ստեղծել մարզական կենտրոններ՝ մարզադպրոցներով, լողավազաններով և ֆիթնես կենտրոններով: Առաջին այդպիսի կենտրոնը կստեղծվի Եղեգնաձոր խոշորացված համայնքում, հաջորդը՝ Բերդում, և այդպես՝ բոլոր համայնքներում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է Հայաստանում առողջ ապրելակերպը խթանելու, ֆիզիկական կուլտուրան և սպորտը զարգացնելու, ինչպես նաև առողջ սերունդ ունենալու և երիտասարդության համար զբաղվածության ավելի շատ միջոցներ ստեղծելու առումներով:
Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Առանձնակի ուզում եմ ծափահարել այն մասնակիցներին, ովքեր, այո՛, այդ համարձակությունը ցուցաբերել և եկել մասնակցել են՝ ոչինչ, որ վերջնագծին չեն հասել, մյուս տարի կհասնեն»։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20