Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո» ընկերության ներկայացուցիչներին

28.08.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Կապսի ջրամբարի կառուցապատող՝ չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո» ընկերության ներկայացուցիչներին՝ Վան Ջու Ցյանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետն անդրադարձել է ջրամբարի կառուցման կարևորությանն ու ընդգծել աշխատանքների ժամանակին ու որակով իրականացման անհրաժեշտությունը․ «Կապսի ջրամբարի կառուցումը համապետական նշանակություն ունի, նպատակներից մեկը Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանը նպաստելն է: Ծրագիրը կարևոր է իրապես և մենք, լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, ձեր կողքին կլինենք, որպեսզի աշխատանքները չհապաղեն ու իրականացվեն որակի բոլոր պահանջներին ու ստանդարտներին համապատասխան»։
«Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո» ընկերության հայաստանյան այս նախագծի պատասխանաու Վան Ջու Ցյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության և կառուցողական քննարկման համար․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ ձեզ հանդիպելու համար և շատ զգացված եմ ձեր անմիջական վերաբերմունքի և մեզ աջակցության առաջարկի համար։ Վստահեցնում եմ՝ մենք անելու ենք հնարավորը աշխատանքները ժամանակին ու որակով իրականացնելու համար»։
Վան Ջու Ցյանը մարզպետին տեղեկացրել է, որ ծրագրի առաջին փուլի տևողությունը 34 ամիս է։ Մեկնարկել են հողային աշխատանքները, սակայն հողհարթեցումից զատ իրականացվելու են նաև թունելի փորման և նոր հունի կառուցման աշխատանքներ։ Մոտակա օրերին կմեկնարկեն թունելի պատերի բետոնացման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև հոկտեմբերի կեսեր։
Նշենք, որ ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, առաջին փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում, իսկ հետագայում՝ մինչև 60 մլն մ3: Այն ներառվելու է Ջրային ռեսուրսների համատեղված կառավարման շրջանակում, Ախուրյանի գետավազանի ջրային ռեսուրսների առավել կայուն կառավարման ապահովման, ինչպես նաև ջրօգտագործող խմբերի համար:
Ծրագիրն իրականացվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության վարկային միջոցներով՝ KfW-ի բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20