Նորություններ
Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցությամբ
28.08.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2023-ին սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, 2024-ի համար ներկայացված հայտերին։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականին ներկայացված 32 սուբվենցիոն ծրագրերով, որոնք ներառում են 130 ենթածրագրեր, աշխատանքներն ընթացքի մեջ են, մասնավորապես, իրականացվում են նախադպրոցական հաստատությունների, բնակավայրերի փողոցների, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման, ոռոգման համակարգերի, այգիների, պուրակների կառուցում կամ նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի անցկացում և այլ աշխատանքներ։
«Բազմիցս եմ ասել՝ մեզ համար առաջնային անելիք պետք է լինի պետական և համայնքային միջոցների նպատակային օգտագործումը, եթե կառավարությունը այսքան գումար է ուղղում մարզ, ապա մեզ մնում է անել առավելագույնը շինաշխատանքները որակով, ժամանակին իրականացնելու հարցում։ Այստեղ թերացումները բացառելու համար պետք է համատեղ աշխատեն բոլոր պատասխանատու կառույցները»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև պետական միջոցներով մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին՝ ճանապարհաշինական, դպրոցաշինական աշխատանքներին, մանկապարտեզների կառուցմանը։
Համայնքների ղեկավարները ներկայացրել են իրականացված աշխատանքներն ու անդրադարձել առաջիկա անելիքներին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առողջապահական ծրագրերն, ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող հարցեր։ Մուշեղ Մուրադյանը հորդորել է համայնքների ղեկավարներին լինել հետևողական և աչալուրջ։