Նորություններ
Շիրակի մարզպետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
30.08.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին։ Ըստ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչության պետի զեկույցի, մարզում քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով այս տարի նախատեսվում է շուրջ 23 միլիարդ 335 միլիոն դրամի կապիտալ ներդրում՝ տարեսկզբի համեմատությամբ 1 միլիարդ 235 միլիոն դրամով ավելի։
«Մարզում իրականացվող ցանկացած ծրագիր մեզ համար կարևոր է, պետական միջոցների, մյուս ներդրողների գումարները նպատակային պետք է ծախսվեն։ Խոսքս թե կրթական, մշակութային և մարզական օբյեկտների, թե ճանապարհաշինական և այլ աշխատանքների մասին է»,- նշել է մարզպետը՝ հանձնարարելով պատասխանատուներին լիազորությունների շրջանակում լինել հետևողական և անել հնարավորը թերացումները բացառելու համար։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին անդրադառնալով՝ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետը նշել է, որ 2022-ից տեղափոխված և 2023-ին իրականացվող ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 17 մլրդ 99 մլն դրամ, գումարի 55․1 տոկոսը՝ 9 մլրդ 423 մլն դրամը կառավարությունն է տրամադրելու։
Մարզպետին են ներկայացվել նաև 2024-ի համար ներկայացված հայտերը։
«Ուրախալի է, որ մարզը 188 ենթածրագրերով 41 ծրագիր է ներկայացրել նախարարություն, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 13 մլրդ 855 մլն դրամ է։ Թե այժմ, թե հաջորդ տարի պետք է պետություն-համայնք համագործակցության այս ստացված մոդելի կիրառմամբ հնարավորինս շատ հիմնախնդիրներ լուծենք, համայնքների ու բնակավայրերի համար սուբվենցիոն ծրագրերը չափազանց կարևոր են»,- ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղեկացմամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես, հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների մասով։ Ամեն ինչ արվում է դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը անխոչընդոտ իրականացնելու համար։
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական աշխատանքներին, մարզում այժմ ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները, 2023-ին իրականացվել է 36696 հա հացահատիկային մշակաբույսերի և 3569 հա կարտոֆիլի ցանք։ Ըստ նախնական դիտարկումների, սպասվում է միջին և համախառն բերքի աճ 2022-ի համեմատությամբ։
Առողջապահական հիմնախնդիրների մասով անդրադարձ է կատարվել բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև մարզի բուժհաստատությունները նեղ մասնագետներով համալրելուն առնչվող հարցերի։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին են ընթացիկ այլ հարցեր ևս, ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ: