Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է «Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծման» ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատասխանատուներին
12.09.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է «Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծման» ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատասխանատու «MTBS» ընկերության ներկայացուցիչներին՝ Դիրք Նիքերքի գլխավորությամբ, ինչպես նաև ենթակապալառու «Քրոու և Ասատրյաններ» ՍՊԸ պատասխանատուներին։
Կարևորելով օդանավակայանին մոտ ընկած հատվածում «չոր նավահանգստի» կամ արդյունաբերական պարկի ստեղծումը՝ Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ աշխատանքները կիրականացվեն հնարավորինս շուտ և հայեցակարգով նախատեսված ծրագրերն ու գաղափարները կյանքի կկոչվեն․ «Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրու տնտեսական ակտիվացմանը միտված նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես գիտեք Կառավարության ուշադրության կենտրոնում են, մի քանի օր առաջ ՀՀ վարչապետն աշխատանքային այցի շրջանակներում եղավ նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, որտեղ նրան զեկուցեցին, որ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, բոլորովին վերջերս էլ ՀՀ վարչապետի որոշմամբ Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, ինչը խոսում է քաղաքի զարգացման նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի, պետական մոտեցման մասին։ Այս առումով, կարևոր է նաև արդյունաբերական պարկի՝ չոր նավահանգստի գաղափարի իրականացումը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցելու և աջակցելու ձեզ աշխատանքների իրականացման ընթացքում»։
Դիրք Նիքերքը շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ու ջերմ ընդունելության համար և նշել, որ կարևոր է, երբ պետական մարմինները գործնական վերաբերմունք ունեն նախագծի իրականացման հարցում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզում Չոր նավահանգստի և Հատուկ տնտեսական գոտու ստեղծմանը, Չոր նավահանգիստը որպես բազմաֆունկցիոնալ հանգույց տարածաշրջանային և միջազգային ընկերությունների սպասարկման կառույց լինելուն առնչվող հարցեր։