Նորություններ
Սեպտեմբերի 30-ին Գյումրիում կանցկացվի «Gyumri Game Conference»-ը խորագիրը կրող գիտաժողով
12.09.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ հյուրընկալել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ոչ միայն կարևորում է ընկերության գործունեությունն, այլև տպավորված է նրանց կողմից իրականացվող ծրագրերով, քանզի դրանց շրջանակներում երիտասարդները կարողանում են ձեռք բերել իրենց հետաքրքրություններին ու կարողություններին համապատասխան մասնագիտացումներ ու հմտություններ։
ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը մարզպետին է ներկայացրել «Gyumri Game Conference»-ը խորագիրը կրող գիտաժողովի մասին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին՝ Գյումրիում։ Այն միավորելու է խաղերի ոլորտի սիրահարներին և փորձառու մասնագետներին, ներկա են լինելու ավելի քան 20 խոսնակներ՝ տարբեր խաղային կազմակերպություններից։ Միջոցառման ընթացքում լինելու են ակտիվ քննարկումներ, մասնագիտական ելույթներ, նեթվորքինգ, ցուցահանդես։
Մուշեղ Մուրադյանը վստահեցրել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կանի հնարավորը գիտաժողովի անցկացման աշխատանքներում ընկերությանն աջակցելու հարցում։
«Ցանկացած նոր ձեռնարկ, նորարարություն մենք ողջունում ենք, իսկ երբ խոսքը նոր բնագավառի, ինտերակտիվ մեդիայի ու խաղերի ստեղծմանն է առնչվում, որտեղ խոսքը 200-ից ավելի մասնագիտացումների մասին է, ապա մենք հնարավորությունների սահմաններում ձեզ աջակից ու գործընկեր ենք, քանզի կրթական ու նորարարական այն ծրագրերը, որոնք արդի պահանջներից են բխում, մեզ խիստ անհրաժեշտ են»,- նշել է մարզպետը։
ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար, որից հետո ներկայացրել է նաև կենտրնում տեղակայված ընկերությունների, նրանց մատուցած ծառայությունների ու արտադրանքի, իրականացվող ծրագրերի, աշխատանքների ուղղվածությունների մասին հակիրճ տեղեկատվություն։