Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին
12.09.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանին և կենտրոնի ներկայացուցիչներին, հանդիպմանը մասնակցել են նաև մարզի համայնքների ղեկավարները։
«Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ղեկավարը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների խրախուսմանն առնչվող նախաձեռնությանը։ Ծրագիրն արդեն իրականացվել է Արմավիրի մարզում և արդյունքում 50 գերազանց աշակերտներ ամառային հանգիստն անցկացրել են Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:
«Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք առնչվում են կրթությանն ու մեր դպրոցականների մոտ կրթության նկատմամբ հետաքրքրության ու առաջադիմության բարձրացմանը՝ մեզ համար ողջունելի են և պատրաստ ենք աջակցելու և մեր հնարավորությունների սահմաններում օգնելու դրանց իրականացման հարցում»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ծրագրին աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև համայնքների ղեկավարները։
«Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալության և իրենց նախաձեռնությանն աջակցելու համար՝ վստահեցնելով, որ համատեղ աշխատանքով հաստատ ցանկալի արդյունքի կհասնեն։
Առաջիկայում հատուկ մշակված մոտեցմամբ կընտրվեն լավագույն աշակերտներն, ովքեր որպես խրախուսանք կմեկնեն հանգստի։