Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.10.2023

 Սիրելի՛ մանկավարժներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Պատմության արահետներով մտովի անցնելիս՝ մեսրոպյան տառերի ստեղծման օրերից, երբ հայ ժողովուրդը լինելիության պայքար էր մղում, պարզ է դառնում, որ մեր ազգը պարտական է նրանց, ովքեր հասկանում էին գիտելիքի ուժն ու կարողանում էին կրթել սերունդներին և կրթել հայրենիքի հանդեպ անսահման սիրով ու նվիրվածությամբ։

Որքան վեհ, նույնքան պարտավորեցնող մասնագիտություն է մանկավարժությունը։ Իսկ մեր օրերում՝ առավել քան պատասխանատու, քանզի նորագույն մեթոդներին տիրապետելուց և հիմնավոր, կայուն գիտելիք հաղորդելուց զատ, մեր մանկավարժներն առավել քան երբևէ պարտավորված են մարտահրավերներով լի այս ժամանակներում հուսալի թիկունք ու ապավեն լինել, քանի որ կրթությունն այն հզոր զենքն ու գործիքն է, որով մենք պայքարելու ենք թշնամիների դեմ։ Հայ ուսուցիչը միշտ կարողացել է հայրենասիրություն ու ապագայի հանդեպ հավատ սերմանել, այժմ այս առաքելությունն ամենակարևորներից է դարձել։

Վստահ եմ՝ շիրակցի մանկավարժները գրկաբաց ու սիրով կհյուրընկալեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր դպորցականներին ու նաև գործընկեր մանկավարժներին։
Սիրելի՛ ուսուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ կյանքում և խաղաղ երկրում սերունդներ կրթելու մեծ ուժ։ Հավատացած եմ՝ անտեսելով բոլոր դժվարությունները, դուք շարունակելու եք մատաղ սերնդին հայրենասիրություն, գիտելիք, կամք, համառություն, մարդասիրություն հաղորդելու ձեր առաքելությունը և թող երախտագիտության պակաս երբևէ չզգաք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55