Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

06.10.2023

 Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպմանն ու աշխատանքների շարունակականությանը։
«Մեզ համար խիստ կարևոր է, որ բոլոր աշխատանքներն իրականացվեն առանց թերացումների, բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցների բոլոր խնդիրները գույքագրվեն և լծվենք դրանց լուծման աշխատանքներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ ձեր գլխավորությամբ, պարոն մարզպետ, մարզի համայնքների ղեկավարներին` հոգատար ու պարտաճանաչ աշխատանքի համար։ Այսուհետ էլ պետք է շարունակենք նման կերպ և անենք հնարավորը, որ ՀՀ կառավարության կողմից գործարկված բոլոր ծրագրերը տեղում իրականացվեն և որևէ մեկի կարիքը, որևէ մեկի հոգսը չպետք է վրիպի մեր ուշադրությունից»,- նշել է նախարարը։
Շիրակի մարզպետն անդրադառնալով մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կեցության, աջակցության տրամադրման գործընթացին՝ նշել է, որ աշխատակազմն ու համայնքներն աշխատել են 24-ժամյա ռեժիմով և մինչ այժմ էլ համագործակցված աշխատանքով փորձ է արվում լիարժեք գույքագրելու նրանց կարիքներն ու լուծել դրանք․ «Պարոն նախարար, մենք շնորհակալ ենք ձեզ համատեղ աշխատանքի համար, անցած օրերի ընթացքում ամեն ինչ արվել է մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը միտված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը տեղայնացնելու, կարիքների գնահատման աշխատանքերը հնարավորինս լիարժեք իրականացնելու համար։ Ձևավորվել են աշխատանքային խմբեր թե մեր աշխատակազմում, թե համայնքներում, որոնք զբաղվում են քաղաքացիների հաշվառմամբ, կարիքների գնահատմամբ և սննդի ու այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմամբ, շուրջօրյա հերթապահությամբ, կամավորների հետ աշխատանքով»։
Նախարարին են ներկայացվել մարզում տեղակայված քաղաքացիները տվյալները, ըստ այդմ՝ այսօրվա դրությամբ Շիրակի մարզում ընդհանուր 3601 բռնի տեղահանված անձ է հաշվառվել՝ Գյումրիում 2249 անձ՝ 578 ընտանիք, Արթիկում 345 անձ՝ 80 ընտանիք, Աշոցքում 271 անձ՝ 60 ընտանիք, Անիում 301 անձ՝ 88 ընտանիք, Ամասիայում 88 անձ՝ 24 ընտանիք, Ախուրյանում 347 անձ՝ 85 ընտանիք։
Մարզի դպրոցներ այս պահին հաճախում է 321 աշակերտ՝ մեծ մասը Գյումրիում, նրանք բոլորը ապահովվել են գրենական պիտույքներով։ Առողջության առաջնային պահպանման օղակներում կցագրվել է 910 մարդ, 9 բուժառու ստանում է ստացիոնար բուժում։ Մարզում ծնվել է 3 երեխա։
Նախարարը կարևորել է բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ նրանց կառավարության աջակցության ծրագրերի մասին իրազեկումը, որպեսզի բռնի տեղահանված քաղաքացիները տեղեկացված լինեն և դուրս չմնան աջակցության ծրագրերից, մասնավորապես 100 հազարական դրամների տրամադրման և բնակության ծախսերը հոգալու համար տրամադրվելիք ամսական 40 հազար դրամի և գումարած 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ ծախսերի համար տրվող աջակցության ծրագրերից։
Քննարկվել են արդեն իրականացված ծրագրերն, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացմանն առնչող հարցեր։
Նախարարն ու մարզպետը եղել են նաև Գյումրու «Շիրակ» հյուրանոցում, զրուցել տեղահանվածների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերն ու տեղեկացրել Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերի մասին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:22:26