Նորություններ
Շիրակի մարզպետը պատվոգրեր է հանձնել ուսուցչի օրվա առթիվ
06.10.2023
Որակյալ և արդյունավետ կրթության կազմակերպման, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի և ուսուցչի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատվոգրեր, հուշանվերներ և ծաղիկներ է հանձնել մի շարք դպրոցների տնօրենների, վարչատնտեսական համակարգողների և վաստակաշատ ուսուցիչների:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ մարզպետը շնորհավորել, անսպառ եռանդ ու ավյուն է մաղթել պատասխանատու և պատվաբեր առաքելության մեջ։
«Մանկավարժի, կրթության կազմակերպչի աշխատանքը միշտ էլ պատասխանատու և պարտավորեցնող է եղել, բայց նաև՝ ակնածանք ներշնչող։ Ուզում եմ բոլորիդ մեր երախտագիտությունը հայտնել, քանզի այժմ, առավել քան երբևէ, բարդ ու դժվարին աշխատանք եք իրականացնում։ Հայրենասիրությունն ինձ համար նաև ամեն աշխատանքում նվիրվածությունն է, իսկ ձեր աշխատանքում առանց նվիրվածության ու անձնվիրության հնարավոր չի առաջ շարժվել։ Վստահ եմ՝ դուք անդուլ աշխատանք եք տանում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երեխաների կրթության շարունակականության ապահովման համար։ Հայ ուսուցիչը միշտ կարողացել է հայրենասիրություն ու ապագայի հանդեպ հավատ սերմանել, այժմ այս առաքելությունն ամենակարևորներից է դարձել։ Ձեզ աննկուն կամք ու եռանդ եմ մաղթում»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետին՝ նշելով, որ գնահատված լինելն ու արժևորումն առավել պարտավորեցնում է ավելի լավ աշխատելու և ամեն ինչ անելու մատաղ սերնդին ճիշտ դաստիարակելու գործում։