Նորություններ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների խնդիրները Շիրակի մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են
20.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների խնդիրները Շիրակի մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքապետարանի աշխատակիցների, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի ղեկավար Ռուզաննա Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Անի համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին։
Մարալիկի սոցիալական թաղամասում բնակություն են հաստատել 35 ընտանիքներ` 115 մարդ։ Մարզպետը զրուցել է բռնի տեղահանված քաղաքացիների հետ, լսել նրանց կարիքները, պատասխանել հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։
Սոցիալական բնակարաններում տեղակայված քաղաքացիներին մարզպետը հորդորել է մարզպետի աշխատակազմի, համայնքի օգնությամբ գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել յուրաքանչյուր անդամին տրվող 40+10 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրում է ՀՀ կառավարությունը բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար։
Մուշեղ Մուրադյանը վստահեցրել է, որ իրենց կողմից արվում է առավելագույնը ինչպես առաջնային կարիքները հոգալու, այնպես էլ ընթացիկ այլ հիմնախնդիրների լուծման համար։
Անի համայնքի 11 բնակավայրերում և Մարալիկում հաստատվել է բռնի տեղահանված 88 ընտանիք` 319 անձ, նրանցից 57 ընտանիքը Մարալիկում են բնակվում։