Նորություններ
Շիրակի մարզպետն այցելել է Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում ապաստան գտած ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին
21.10.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի, Հայկական Կարիտասի նախագահ՝ Գերերջանիկ Հոգևոր Տէր Ռաֆայէլ Պետրոս ԻԱ լիազոր ներկայացուցիչ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի հետ այսօր այցելել է Թորոսգյուղի Հայ Կաթողիկե Եկեղեցու «Աղաջանյան» ճամբար, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները։
Մարզպետը շրջել, զրուցել ու լսել է ճամբարում ապաստան գտած ընտանիքների պատմություններն ու մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերին։
Հանդիպման ժամանակ Մուշեղ Մուրադյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը, բացատրել դրանցից օգտվելու կարգը։
Ընտանիքների կեցության և երեքանգամյա սնունդի հարցը լուծվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից։
Սկզբում ճամբարում 100 մարդու են ընդունել, այնուհետև տեղաշարժի արդյունքում թիվը տատանվել է 154-ի սահմաններում: Առաջնային կարիքները հոգալուց հետո բուժօգնություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել: Դպրոցահասակ երեխաներն ուսումը շարունակել են Թորոսգյուղի դպրոցում:
Այժմ ճամբարում 23 ընտանիք է ապրում` ընդհանուր 88 անձ։
Բռնի տեղահանվածներին մարզպետը հորդորել է մարզպետի աշխատակազմի, համայնքի օգնությամբ գտնել բնակարաններ, տներ, ինչի արդյունքում կկարողանան օգտվել ՀՀ կառավարության կողմից բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվող 40+10 հազար դրամ աջակցությունից։
Մարզպետն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է նաև Զույգաղբյուր բնակավայրում ապաստան գտած բազմազավակ ընտանիքին, լսել նրանց, քննարկել առաջիկա անելիքները։